Մետաքսե (Մետաքսե Սերոբի Պողոսյան, դեկտեմբերի 23, 1926 կամ 1928[1], Արևշատ, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 10, 2014 կամ 2014[1], Երևան, Հայաստան), ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1963 թվականից, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Մետաքսեն ծնվել է 1926 թվականին Արթիկի շրջանի Եգանլար գյուղում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզի Արևշատ գյուղ)։ Վաղ տարիքում որբացել է և մեծացել է Գյումրու մանկատանը։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը[3]։
Որպես նավաստի աշխատել է «Լիպեցկ» շոգենավում, որով եղել է Եգիպտոսում և Ալբանիայում։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1989-1991 թվականներին՝ Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը։ 1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել է արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։ 1981 թվականին Մետաքսեի միջնորդությամբ ու ջանքերով Արևշատում կառուցվել է մշակույթի տուն, 2001 թվականին վերակառուցվել է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանաստեղխուհին ոչ միայն կազմակերպչական աշխատանքներ է կատարել, այլ նամակով դիմել է Գարեգին երկրորդ կաթողիկոսին՝ եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին Մետաքսեն եղել է Հայաստանի մայրության հիմնադրամի փոխնախագահ և մեծ աշխատանք է կատարել աղետի գոտում։ Գյումրիում և Սպիտակաում օգնություն է կազմակերպել միակողմանի և երկկողմանի որբերի համար։ 2006 թվականին Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցն անվանակոչվել է Մետաքսեի անունով (Հայաստանի Շիրակի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 202 որոշում)։
Կազմել է Դափնեպսակ Չարենցին բանաստեղծությունների ժողովածուն (առաջաբանը՝ Արփենիկ Չարենցի, ՀԳՄ, 2011)։
Արցախյան ազատամարտի տարիներին Մետաքսեն ստեղծել է ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը[4]։
Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և 1995 թվականին հրատարակել է «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։ Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը[5]։
Մետաքսեն թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և ուրիշ լեզուներով։ Մետաքեն թարգմանել է ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը։ Նա, որպես պատվիրակ մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոների և իր ստեղծագործություններով բարձր է պահել հայ պոեզիայի հռչակը։
1985 թվականին ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում Մետաքսեն եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծուհուն Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով։ 2003 թվականին Մետաքսեն այդ պոեմներն ուղարկել է Վատիկան, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին նամակում՝ պատմելով Սիրակուզայի տեսիլքը։ Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծուհու անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»[6]։
1990 թվականին Նյու Յորքում հրատարակված «Բոլոր դարերի ու ժամանակների բանաստեղծուհիները սիրո մասին» հատընտիրում տեղ է գտել Մետաքսեի «Գաղտնիք չի մնում» բանաստեղությունը։ 3000 հեղինակներից ընտրվել է 197 անուն, որոնցից 14-ը բանաստեղծուհիներ են, որոնց անունները զետեղվել են գրքի կազմին, այդ թվում՝ Սաֆո, Աննա Ախմատովա, Էմիլի Դիքինսոն, Մետաքսե[7]։ Գրքի առաջաբանում գրող, հրատարակիչ Ուենդի Մըլֆորդը գրել է.
"Մետաքսեի բանաստեղծությունը ընդհանրացնող մեծ ուժ ունի[7]։ - Ուենդի Մըլֆորդ"
2017 թվականին Շիրակի մարզի Արևշատի դպրոցում որպես մարզային փաատոն՝ մարզպետարանի աջակցությամբ և հովանաավորությամբ կայացել է Մետաքսեի «պոեզիայի օրեր» փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի։ Մասնակիցները պարգևատրվում են դպրոցի տնօրինության կողմից Մետաքսեի լուսանկարով ստեղծված պատվոգրով, շնորհակալագրով և կրծքանշանով։
Մեաքսեն վախճանվել է 2014 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում[8]։ Մետաքսեի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով[9]։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

